Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Որտե՞ղ կորցրինք Փարաջանովին

Որտե՞ղ կորցրինք  Փարաջանովին
06.10.2015 | 10:41

Օրերս մեծ փորձության ենթարկվեցի` ներկա լինելով Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղային առաջին ներկայացմանը` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնի հնչեղ անունը սպասելիքների նշաձող է սահմանում, սակայն այս ներկայացումը դիտելիս առաջին բանը, որ պարզ է դառնում, այն է, որ ինչ կերպ ասեք կարելի է անվանել այս երևույթը, միայն` ոչ թատրոն: Գուցե ավելի ճիշտ կլիներ անվանել ասմունք սիրողների խմբակ, ներկայացման ժանրն էլ` գրական-երաժշտական կոմպոզիցիա, որպեսզի տոմսի համար 7, 8, 15 հազար դրամ վճարած հանդիսատեսն իմանար` ինչ սպասել: Դժվար է պատկերացնել, որ նրանք գոյություն ունեն Մոսկվայում 1994 թվականից: Թատերագետը կարող է պրոֆեսիոնալ դատողություններ անել, երբ դիտած նյութը` ներկայացումը, պրոֆեսիոնալ է, սակայն գրելուս պատճառը նրանց ոչ այնքան «Արմենիադա» կոչվող «ներկայացումն» է, որքան մեր հանդիսատեսի ճաշակի անկումը: Սա ցավով եմ գրում, քանի որ, իհարկե, ճաշակավոր հանդիսատեսի մի հատված ունենք, բայց խոսքը մասսայական անկման մասին է, երբ նվերի կամ շոկոլադի փաթեթավորմամբ մերոնց ինչ ասես կարելի է մատուցել, և մենք մեծ ոգևորությամբ այն կընդունենք, վերջում էլ, իհարկե, և՛ բռավոներ կլինեն, և՛ թանկ ծաղկեփնջեր, և՛ արցունքներ, և՛ հիացական հարցազրույցներ:
Փորձել որևէ տրամաբանություն կամ բովանդակություն գտնել այս ներկայացման ընթացքում, անիմաստ է: «Արմենիադայի» ծրագրի վրա կանխավ կարելի է կարդալ ներկայացման մասին ամենախորհրդավոր, միստիկ մեկնաբանություններ` «փարաջանովյան գեղագիտության», «կինոյի, թատրոնի և երաժշտության անօրինակ մի ծիսակարգային սինթեզի» խոստում, «աշխարհների տրանսցենդենտալ մոգություն», «ներքին, հոգևոր ճանապարհորդություն» և այլ արտահայտություններ: Այնպես որ, պոետիկ, էսթետիկական թատրոնի ինքնատիպ արարողակարգին ներկա լինելու դյութանքը գայթակղում-կանչում է թատրոն, մանավանդ որ ներկայացումը նվիրված է լինելու Եղեռնի 100-րդ տարելիցին: Սակայն «Արմենիադայի» մասին պատմող վերացական, էքսցենտրիկ տեքստերի կախարդանքն անմիջապես հօդս է ցնդում, երբ դեռ ներկայացման սկզբում բեմում հնչում է կեղծ պաթոսով, ծորուն ու սենտիմենտալ ձայնով բացման տեքստը, առավել ևս, երբ ներկայացման սկզբից դեռ քսան րոպե անց էլ ոչինչ տեղի չի ունենում, այլ մեկը մեկի հետևից հայտնված հինգ սևազգեստ կերպարները շարունակում են բեմադրիչ Վլադիմիր Գաբբեի որդեգրած նույն կեղծ նոտայի վրա դրված Չգեղագիտությունը: Սև թիկնոց-փարաջա հագած կերպարները, ռեժիսորական հստակ խնդիր չունենալով, բեմում անօգնական պտտվում են` գերխաղ-ձևացումով ազգասիրական տեքստեր հնչեցնելով: Երբ ներկայացումը չի լինում ավանդական դրամատուրգիական, ապա լինում է պլաստիկ կա՛մ պարային, սա այդ դեպքն էլ չէ, հիմնականում կերպարները ստատիկ կա՛մ չպատճառաբանված քայլքի վիճակում են, կա՛մ էլ տարուբերում են ձեռքերը` սիրողականությունն ավելի ընդգծելով: Ռեժիսորական գրագիտության տարրական չիմացության վկայություններից մեկը բեմառաջքում դերակատարների անվերջ-անդադար հայտնվելն է, որտեղից հանդիսասրահ հակվելով` ձեռքերի լայնատարած ժեստով ու սարսափազդու դիմախաղով ուղղակի հարձակում են գործում հանդիսատեսի վրա` խախտելով ամեն պայմանականություն ¥այնինչ ներկայացումն ամբողջովին պայմանական լինելու հավակնություն ունի¤, ինչն էլ տեղից փախչելու անզուսպ ցանկություն է առաջացնում:
Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում հերոսների անունները` Ժամանակ, Ջան, Կառմայի աչքը, Ներկայության ստվերը և Հիշողության արձագանքը: Նման անուններ կրող կերպարներն առնվազն միստիկ-ծիսակարգային մի հանդիսանք պետք է արարեին, որպեսզի արդարացնեին իրենց մտացածին անունները: Սակայն, ինչպես դարձյալ համոզվում եմ, «Արմենիադայի» հայտագիրն այլ բան է, տեսածը` այլ: Ինչ վերաբերում է Ջան կերպարին, այո, այո, կերպարի անունն է, ապա ներկայացման ծրագրում բացատրվում է, որ հայերեն այս բառը նշանակում է հայի հոգի: Եթե այս բացթողումը ռուսի կողմից լիներ, դեռ հասկանալի կլիներ, բայց երբ իմանում ես, որ բեմադրիչ Վլադիմիր Գաբբեն թեև ծագումով հայ չէ, բայց ծնվել ու ապրել է Երևանում, ավարտել թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը և կարծում է, որ «ջան» բառը հայերեն է, այն էլ նշանակում է հայի հոգի, և այս վարկածը մատուցվում է նաև այլ ազգերի, ցավի հետ զայրույթ ես ապրում: Իհարկե, բեմադրիչը կարող է ամենաարտասովոր անուններով օժտել իր հերոսներին, բայց երբ դրանք բնութագրող անուններ են, գոնե առնվազն պետք է կերպարի վարքագծին կամ խառնվածքին համապատասխանեն: Այդ իմաստով միայն Ժամանակ ¥Լուիզա Գաբբե¤ և Ջան ¥Սվյատոսլավ Սանցևիչ¤ կերպարներն են հետևողական, այնինչ, օրինակ, Կառմայի աչքը ¥Սվետլանա Սիվեց¤ ոչնչով չի հիշեցնում իր հերոսուհու անվան բովանդակությունը, ասես Ժամանակ կերպարի տեքստերը կիսել, տվել են այս մյուս կերպարին, ով ներքին բովանդակային հենարան չունի, որ իբրև դերասանուհի կարողանա ինքնադրսևորման մի դետալ գոնե գտնել ¥թեև դերասանուհին ունի լավ բեմական տվյալներ, սլավոնական գեղեցիկ արտաքին ու լավ ձայն¤, նա էլ Ժամանակի ու Ջանի հետ անիմաստ գալարվում, գնում-գալիս է: Այնուհանդերձ, թե՛ Սվետլանա Սիվեցը, թե՛ Սվյատոսլավ Սանցևիչը, չնայած ոչ շահեկան բեմական իրավիճակներին, երևում է, որ «շկոլայի» կրողներ են: Միևնույն ձևով կերպարի անվանը տիպական չեն ՈՒխտավոր կոչվող հերոսի ¥Վլադիմիր Գաբբե¤ կերպարի ո՛չ արտաքինը, ո՛չ վարքագիծը, ո՛չ տեքստերը: Առհասարակ, բոլոր հերոսների տեքստերը գրված են առանց խառնվածքային տարբերությունների, ասես մեկ մեծ մենախոսություն է, որը ուղղակի բաժանված է բոլոր կերպարների միջև: Գաբբեի ուխտավորն իր ամենագետ, խորհրդավոր կիսաժպիտով, ժամանակ առ ժամանակ շշունջներով, իսկ երբեմն` ինքնահիացման պահին մոլեգին պոռթկումներով, անհունին ուղղված կիսացնոր հայացքով ավելի շատ չար ոգու է նման, քան ուխտավորի:
Այս ներկայացման ամենաթույլ կետը դրամատուրգիան է, ավելի շուտ` դրամատուրգիայի բացակայությունը: Մոտ երկու ժամ տևող ներկայացման ընթացքում փորձում ես հետևել դրամատուրգիական զարգացումներին, սակայն այդպես էլ գործողությունների կամ իրադարձությունների առաջխաղացում չի նկատվում, չկան բախում, իրադարձություն, միասնական սյուժե, կամ` պարզունակ ֆաբուլա: Թույլ երկխոսություններն ավելի շուտ հիշեցնում են անճաշակ բառակույտի հեղեղ` համեմված հայկականության հետ նույնացվող բազմաթիվ կարծրատիպ-արտահայտություններով, որոնք իրար հետ կապելու փորձը ամենատարբեր հայկական երգերի տեղին-անտեղի հնչեցումն է: Ի դեպ, երգիչ Գևորգ Պողոսյանը, ում չգիտես ինչու «շնորհել» են «Ներկայության ստվեր» բեմական անունը, հավանաբար պրոֆեսիոնալ օպերային երգիչ է և լավ կատարող, սակայն նրան հանձնարարված երգացանկի երգերի ընտրության հարցում չկա որևէ սկզբունք, ոճական ամբողջականություն. կատարում է հոգևորից մինչև աշխարհիկ, ժողովրդականից մինչև հանրամատչելի ու էստրադային երգեր, որոնք հաջորդում են այնպիսի արտահայտություններին, ինչպիսիք են` թոնիր, լավաշ, կռունկ, հայրենիք, անապատ, արյուն, Մասիս, Պոլիս, Կիլիկիա, գենոցիդ, ավետյաց երկիր և «ազգայինը» բնութագրող այլ բառերին: Նշեմ, որ այս հոգևոր զառանցանքը հնչում էր ռուսերենով, իսկ վերոնշյալ բառերը հայերենով` շեշտված ռուսական առոգանությամբ: Ապա Գաբբեի հեղինակած արձակ տեքստի մեջտեղում ներմուծվում են չափածո հատվածներ «Անլռելի զանգակատնից», երբեմն տողեր Նարեկացուց, ինչ-որ թևավոր արտահայտություններ, որոնք հեղինակային արձակ տեքստի հետ լսողական անհաշտություն են առաջացնում, կատարյալ աններդաշնակություն:
Քավ լիցի, բնավ թատրոնի կլասիցիստական կարծրաձևերի ջատագով չեմ, այստեղ խոսքը տեսակի կամ ժանրի մասին չէ, այլ որակի, քանի որ «ազգային» համարվող պիտակների միջոցով էժան զգայական-ազգասիրական հոգեվիճակներ առաջացնելով զգայացունց ժեստ ու միմիկայով, միստիկ մթնոլորտով ու սև թավշով բեմը ողողելով ազգային թեմաները բեմ չեն հանում, առհասարակ արվեստի շահարկման նյութ չեն դարձնում` արժեզրկելով ազգային ցավը։ Սա առնվազն ծիծաղելի է, մայրաքաղաքային գավառականության ցայտուն օրինակ: Անվերջ կրկնվող տեքստային քաոսը ուղեկցվում է պրոյեկտորից վարագույրներին ընկած պատկերաշարով, որը հայկական վանքեր, Մասիսներ, հերոսներից ոմանց դեմքերը ցուցադրելուց հետո դարձյալ կրկնվում է, ինչը խոսում է պրոյեկտորի նույնպես ոչ նպատակային օգտագործման մասին:
Միակ օրգանական և նույնիսկ հետաքրքիր պահը այս ներկայացման երաժշտական ձևավորողի կենդանի ներկայությունն է բեմում ¥Մադաթ Ավանեսով¤, ով նույնպես չի վրիպել բեմադրիչի սրատես աչքից` Հիշողության արձագանք խորհրդավոր անվամբ օծվելով: Հայ հանդիսատեսին քաջ հայտնի սիրված երաժիշտ Մադաթ Ավանեսովը, հետնաբեմում կանգնած սինթեզատորի առջև, պրոֆեսիոնալ և ճաշակավոր երաժշտական ֆոն է ստեղծում և անգամ իր վրա վերցնում ներկայացման չիրականացրած ֆունկցիաները` հասունացնում ներկայացման կուլմինացիոն կետը, որը պետք է ըստ սյուժեի կամ ըստ բեմական դրամատուրգիայի լիներ: Իսկ ինչ վերաբերում է ֆինալին, այս ներկայացման ժամանակ առնվազն երեք-չորս ֆինալ է տեղի ունենում, որոնցից և ոչ մեկից բեմադրիչը չօգտվեց, և ֆինալը եկավ աննկատ ու անդեմ` արդեն հազարերորդ անգամ ծեծված արտահայտություններով` հանդիսատեսիս ի վերջո ազատելով այս վատ երազից, որը թվում էր, թե ավարտ չունի: Առհասարակ, եթե համերգային գործոնը հեռացվեր ներկայացումից, կիշխեր համատարած տաղտուկ և միանգամից ընթեռնելի կլիներ «թատրոն» բառի անխնա շահարկումը:
Իսկ Փարաջանովի անվան հետ զուտ տեսողական առնչություն իսկ չնկատվեց, ում անունը, հավանաբար, քիչ դեր չի խաղում այս «թատրոնի» գոյության և այս հյուրախաղերի կայացման հարցում:
Ներկայացման ծրագրի ամենատպավորիչ հատվածը վերջին էջն է` հյուրախաղերի կայացմանը նպաստած բազմաթիվ հնչեղ անուններով, որոնցից երեքը թվարկեմ միայն` ՀՀ մշակույթի նախարարություն, սփյուռքի նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլն, ինֆորմացիոն գործընկերները նույնպես բազմաթիվ են: Մի՞թե այս կառույցներում թատրոնից հասկացող որևէ մեկը չկա, չնայած ամեն ինչ օրինաչափ է` հատկապես վերջին պարգևատրումների ֆոնի վրա: Բայց մեր հանդիսատեսին բարեկամաբար ուզում եմ խորհուրդ տալ, խնդրել-հորդորել` անիմաստ գումարներ չվատնել փուչ երևույթների վրա և, առավել ևս, պատվախնդիր լինել, ամեն բանի չծափահարել` դրանով թույլ տալով պատահական երևույթների գոյությունը արվեստում:

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Թատերագետ

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ